Հարցրու Վեգային
By vega-andriasyan
Հարցրու ՎեգայինApr 14, 2023
Էպիզոդ 17
Այս էպիզոդի հարցերն էն՝
🎙️արժե՞ հարաբերություններ սկսել կոլեգայի հետ․ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նման կապը,
🎙️ինչպե՞ս պատրաստվել հարցազրույցին՝ աշխատանքի ընդունվելու համար
🎙️ինչպե՞ս հայտնել թինդերի դեյթին, որ նա այնքան էլ նման չէ իր լուսանկարին ու քո ճաշակով չէ՝ առանց նեղացնելու,
🎙️ դպրոցական սերը հնարավո՞ր է մոռանալ,
🎙️ինչպե՞ս փոխել բնավորությանդ՝ բոլորին ամեն ինչ ուղիղ ու կոպիտ ասող կողմը:
Էպիզոդ 16
Այս շաբաթ մեզ ուղարկված հարցերից առանձնացրել ենք հետևյալ թեմաները՝
1․ ինչպե՞ս հեռու մնալ մանիպուլացիաներից հարաբերություններում,
2․հնարավո՞ր է արդյոք գուշակել դիմացինի զգացմունքները քո նկատմամբ, եթե վերջինս չի խոստովանել ոչինչ,
3․ի՞նչ անել, երբ կարծես կորել է հետաքրքրությունը կյանքի նկատմամբ,
4․ ինչպե՞ս սովորել նոր բաներ, երբ թվում է, թե ոչինչ չի ստացվում,
5․ ի՞նչպես ճանապարհորդել առանց շատ գումար ծախսելու,
6․ ինչպե՞ս հաղթահարել ճգնաժամը, երբ չի ստացվում գտնել աշխատանք։
Էպիզոդ 15
Խնդիրներ աշխատավայրում, դժվարություններ մասնագիտական կողմնորոշման հարցում, բարդ իրավիճակներ հարաբերություններում․ ինչպես միշտ, այս շաբաթ նույնպես ստացել ենք բազմաթիվ անանուն հարցեր ՝ կապված կյանքի ամենատարբեր ոլորտների հետ։ Լսեք էպիզոդն ու գուցե որոշ հարցերի պատասխանները օգնեն նաև Ձեզ։
Էպիզոդ 14
📻 Հասանք երկրորդ եթերաշրջանի տասնչորսերորդ էպիզոդին։ Այս անգամ Վեգան պատասխանել է հետևյալ հարցերին՝
❔ինչպե՞ս հասկանալ, արդյոք ընտրյալդ նույն ակնկալիքներն ունի հարաբերություններից, ինչ դու,
❔ինչպե՞ս համարձակություն հավաքել և կապի դուրս գալ մանկության ընկերոջ հետ, 15 տարի չշփվելուց հետո,
❔ինչպե՞ս ասել զուգընկերոջդ, որ ցանկանում ես վերջ տալ հարաբերություններին առանց նրան ցավ պատճառելու,
❔ինչպե՞ս հետ պահել ընկերուհուդ հարաբերություններից, որոնք լավ չեն իր համար,
❔ինչպե՞ս պայքարել կպչուն մտքերի դեմ։
Էպիզոդ 13
Ինչպե՞ս հասկանալ , թե ինչ արժեհամակարգի կրող ես , երբ արդեն 27 ես ու դժվարանում ես կողմնորոշվել կյանքում։ Հնարավո՞ր է ներել ինքդ քեզ, երբ կարծում ես, թե մեղավոր ես կյանքիդ սիրուն կորցնելու հարցում։ Ի՞նչ անել, երբ կան բազմաթիվ չասված խոսքեր, իսկ մարդն, ում ուզում ես ուղղել դրանք, այլևս քո կյանքում չէ։ Սիրելին ուզում է լքել ցածր ինքնագնահատականի պատճառով, պայքարե՞լ հարաբերությունների համար, թե՞ ոչ։ Ի՞նչ անել, երբ բեկումնային տարիքում ես, իսկ շրջապատում բոլորը վստահ են, որ կյանքում ոչնչի չես հասնի։ Այս էպիզոդում պատասխանում ենք վերոհիշյալ հարցերին։
Էպիզոդ 12
Այս շաբաթվա հարցերը հետևյալն են․
Ի՞նչ անել, երբ զգում ես, որ ավելորդ ես քո ընկերախմբում:
Ի՞նչ անել, երբ աշխատանքդ շատ ես սիրում, իսկ կոլեգաներիդ, մեղմ ասած՝ ոչ:
Ի՞նչ նվիրել ընկերուհուն:
Ի՞նչպես ընտրել երկու սիրելի մասնագիտությունների միջև:
Ինչպե՞ս վարվել այն իրավիճակում, երբ սխալ ես գործել, իսկ ներողությունը կարծես թե չի օգնել:
Էպիզոդ 11
Մենք շարունակում ենք ամեն շաբաթ հավաքել մեր ռադիոլսողների ուղարկած անանուն հարցերը՝ ամենատարբեր թեմաներով ու փորձում ենք ընտրել հատկապես նրանք, որոնք առնչվում են բոլորին շատ հետաքրքրող ոլորտներին։ Փոքրիկ ուսումնասիրության ու հաշվարկների արդյունքում պարզել ենք, որ ամենահաճախ տրվող հարցերը շարունակում են վերաբերել հարաբերություններին, երկրորդ տեղում կարիերան և աշխատանքն է, իսկ երրորդում՝ անձնական մտահոգություններն ու սեփական ես-ի հետ կապված խնդիրները։
Էպիզոդ 10
Վերջին շրջանում մեզ ուղարկվող հարցերում շատ հաճախ ենք հանդիպում սխալվելու վախի, այս շաբաթվա էպիզոդը սկսում ենք հենց նման հարցով։ Ունենք հարցեր նաև ընկերության մեջ թունոտության, հարաբերությունների մեջ գտնվելիս այլ մարդկանց հետ նամակագրություն պահելու և անընհատ կողակից փնտրելու մասին։
Էպիզոդ 9
Ի՞նչ անել, եթե դու հավատում ես երազանքիդ եւ ամեն ինչ անում, դրան հասնելու համար, սակայն չունես ընկերերիդ ու հարազատներիդ աջակցությունը։ Ի՞նչ անել, երբ ընկերական զգացմունքները վերածվել են սիրո, եւ հակառակը, երբ դրանք այլեւս չկան ու պետք է այդ մասին հայտնել ընկերոջը։ Ինչպե՞ս բացատրել ամուսնուն, որ նորածին երեխայի խնամքի հարցում կնոջը մենակ թողնել չի կարելի։ Պե՞տք է մտահոգվել, երբ սիրելին հիացած մեկնաբանություններ է թողնում այլ անձանց լուսանկարների տակ։ Այս թողարկմանը պատասխանում ենք վերոհիշյալ հարցերին։
Էպիզոդ 8
Այս շաբաթվա հարցերն են՝
բաժանվե՞լ, թե՞ ոչ, եթե զուգընկերը սահմանափակում է քո ազատությունը, սակայն իրար շատ եք սիրում, ի՞նչ անել, երբ սոցիալական մեդիան սկսել է վատ անդրադառնալ հոգեկան առողջության վրա, ինչպե՞ս հաղթահարել սխալվելու վախը ֆակուլտետ ընտրելիս, ինչպե՞ս մոռանալ մարդկանց եւ պե՞տք է արդյոք անցյալում թողնել նաեւ նրանց հետ անցկացրած լավ պահերը։
Էպիզոդ 7
Ինչպես խոստացել ենք նախորդ էպիզոդներում, շարունակում ենք պարբերաբար հրավիրել տարբեր մասնագետներ, պատասխանելու համար բոլոր այն հարցերին, որոնք խիստ մասնագիտական են ու վերաբերում են առողջությանը։ Քանի որ մեզ շատ հաճախ եք ուղարկում հարցեր կապված քաշ կորցնելու կամ հավաքելու, առողջ սնվելու, սննդի հետ հարաբերությունների ու դիետաների հետ, այսօր ձեր հարցերին պատասխանում է որակավորված առողջաբան, սննդաբան Աիդա Խզրթյանը։
Էպիզոդ 6
Ինչի՞ կարող է հանգեցնել անտեղի խանդը հարաբերություններում ու ինչպե՞ս հաղթահարել այն։ Արդյո՞ք հնարավոր է սկսել մոդելային կարիերա արտերկրում՝ ապրելով Հայաստանում։ Երբ սիրելի մասնագիտությունը դեռ չի վարձատրվում, իսկ վարձատրվող աշխատանքը տանել չես կարողանում։ Ի՞նչ անել, երբ ընկերուհուդ կորցնում ես այն բանից հետո, երբ վերջինս սկսում է նոր հարաբերություններ։
Էպիզոդ 5
Այս էպիզոդի հարցերն են՝
ի՞նչ անել, երբ զուգընկերոջդ հետ ունեք տարբեր կենսակերպեր ու նախասիրություններ, եւ միասին ժամանակ անցկացնելը դժվար է, արդյո՞ք արժե նախապատվությունը տալ ոչ ֆորմալ կրթությանն ու հրաժարվել դիպլոմից, կարելի՞ է երկրորդ շանս տալ մարդուն, որից բաժանվել եք ապագայի մասին տարբեր պատկերացումների պատճառով ու ինչպես արձագանքել, երբ մտերիմներդ վիրավորում են քեզ հարազատ մեկ այլ մարդու։
Էպիզոդ 4
Ի՞նչ անել, երբ սիրելին կանգնած է քո ու երազանքներիդ միջեւ, արդյո՞ք իսկապես պետք է ընտրել կարիերայի ու սիրո միջեւ։ Ինչպե՞ս վերականգնել կրակը հարաբերություններում եւ ինչի՞ կարող է հանգեցնել երկար շփումը տոքսիկ մարդկանց հետ։
Էպիզոդ 3
Ի՞նչ անել, երբ դիմացինի խառնվածքը ճնշում է քեզ անկախ իր կամքից, բայց միեւնույն ժամանակ, վախեցնում ես նրան նեղացնելուց։ Ինչպե՞ս աշխատանք գտնել, երբ ուսանող ես , ծնողներդ էլ կտրականապես դեմ են։ Ինչպե՞ս հաղթահարել հուզմունքն առաջին թռիչքից ու ճամփորդությունից առաջ եւ ի՞նչ գրել տղային, երբ որոշել ես առաջին քայլն անել համացանցում։
էպիզոդ 2
Շարունակում ենք պատասխանել ձեր հարցերին։ Ինչպես միշտ, խոսում ենք հարաբերություններից, ներքին անհանգստություններից, աշխատանքից եւ ընկերներից։
Նոր եթերաշրջան․ էպիզոդ 1
Քանի որ մեզ ուղարկված հարցերի մեծամասնությունը հարաբերությունների մասին են, եթերաշրջանը որոշեցինք սկսել սեքսոլոգ, զույգային թերապեւվտ Նարինե Ներսիսյանի հետ։ Ինչպե՞ս վառ պահել «կրակը» հարաբերություններում, երբ արդեն վաղուց եք միասին, ինչպե՞ս հաղթահարել ծանր բաժանումն ու արդյո՞ք հնարավոր է սիրել միաժամանակ երկու հոգու․ պատասխանում է մասնագետը։
էպիզոդ 26
Այս թողարկումը 2022-ի վերջին էպիզոդն է։ Այնպես որ այս տարի վերջին անգամ միասին պատասխանում ենք հարցերի սիրո, հարաբերութունների ու խանդի, գումարի, նվերների ու երազանքների մասին հարցերի։
Էպիզոդ 25
Եթերաշրջանի նախավերջին էպիզոդի գրեթե բոլոր հարցերը հարաբերությունների մասին են, ընդ որում՝ բոլոր փուլերի։ Ինչպես տրամադրվել կյանքի առաջին ժամադրությանը, ինչ անել , երբ հարաբերությունների սկզբում սկսում ես նկատել այսպես կոչված «կարմիր դրոշակներ» , եւ արդյո՞ք հնարավոր է տարիներ անց սկսել հարաբերություններ մի մարդու հետ, ում ժամանակին ոչ միայն մերժել ես, այլ նաեւ նեղացրել։
Էպիզոդ 24
Այս շաբաթվա հարցերի մեծ մասը կապված են ընտանիքի պլանավորման, ծնողների հետ հարաբերությունների ու ընտանիքում հաճախ առաջացող անհամաձայնությունների հետ։ Ի՞նչ անել, երբ ամուսնանալ պատրաստվող զույգում մեկն ուզում է ապրել առանձին, մյուսը՝ ընտանիքի հետ։ Ինչպես տատիկներին ասել, որ նախընտրում ես օգտվել դայակի ծառայություններից եւ ոչ թե երեխային թողնել իրենց խնամքին՝ առանց նեղացնելու։ Ունենք հարցեր նաեւ հարաբերությունների, ընկերության եւ հասարակության կարծիքի մասին։
Էպիզոդ 23
Այս շաբաթվա հարցերի թեմաներն են՝
Ի՞նչպես համոզել ծնողներիդ, որո ժամանակն է միայնակ ապրելու, արդյո՞ք բոլորը կարող են փոդքասթ ունենալ, ինչպե՞ս եւ որտեղի՞ց սկսել, ինչպե՞ս գտնել բարձր վարձատրվող աշխատանք, ի՞նչպես գումար խնայել եւ արդյոք հնարավոր է պահպանել ընկերական հարաբերություններ ռոմանտիկից հետո։
Էպիզոդ 22
Այս շաբաթ փորձում ենք պարզել՝ ինչպե՞ս հասկանալ, արդյո՞ք զգացմունքներդ փոխադարձ են, երբ հավանածդ մարդու վերաբերմունքը մեկ ջերմ է, մեկ սառը, ինչպե՞ս ազատվել զգացմունքներից, որոնք կարծես թե անցել էին, բայց էլի գլուխ են բարձրացնում։ Աշխատանքի ու կարիերայի մասին հարցերից՝ ի՞նչ անել, երբ մի բարձր վարձատրվող աշխատավայրում տոքսիկ միջավայր է, իսկ ավելի հանգիստ աշխատանքը բավարար ֆինանսներ չի ապահովում։ Ի՞նչ անել, երբ ծնողների վատ հարաբերություններն ու վեճերն ազդում են երեխաների վրա։
էպիզոդ 21
Մի քանի ամիս առաջ 29-ամյա Վեգան որոշեց նոր դաջվածք անել ՝ սիմվոլ իր սիրելի անիմեից, իսկ այս էպիզոդի հարցերից մեկն այն էր, թե արդյո՞ք պետք է ամաչել քո հետաքրքրությունների համար, երբ , օրինակ, 24 տարեկան ես ու շատ ես սիրում K POP։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է պատասխանել Վեգան այս հարցին։ Այս ու մնացած բոլոր հարցուպատասխանները՝ նոր էպիզոդում։
Էպիզոդ 20
Այս թողարկմանն ունենք հարցեր նորաթուխ մայրիկներից, որոնք մտահոգված են իրենց աշխատանքի համար, ինչպես նաեւ ճանապարհներ են փնտրում երեխայի խնամքին զուգահեռ գումար վաստակելու համար, խոսում ենք «կոմֆորտ զոնա» երեւույթի ու դրա կարեւորության մասին, եւ իհարկե, ինչպես ամեն շաբաթ պատասխանում նաեւ սիրային հարցերի։
Էպիզոդ 19
Ինչպես գրեթե բոլոր էպիզոդներում, այս անգամ նույնպես հարցերի մեծ մասը սիրո մասին են․ ի՞նչպես գտնել կյանքի սիրուն, ի՞նչ անել, որ սիրելին արտահայտի զգացմունքներն ու նույնիսկ՝ ինչպե՞ս գտնել սեր քո երկրից դուրս։ Պատասխանները փորձենք գտնել միասին։
Էպիզոդ 18
Այս շաբաթվա էպիզոդը սկսում ենք ընկերության մասին հարցերով․ ի՞նչ անել, երբ ընկերական հարաբերություններում չես ստանում այն վերաբերմունքը, որը տալիս ես, արդյո՞ք պետք է պայքարել ընկերների համար, որոնք կարծես թե անտարբեր են։ Կան հարցեր նաեւ աշխատանքի ու աշխատավայրի մասին՝ ինչպե՞ս ունենալ արագ առաջընթաց աշխատավայրում եւ ի՞նչ անել, եթե կոլեգայիդ հետ հարաբերություններն ու աշխատանքը մի սենյակում ոչ մի կերպ չեն ստացվում։ Իհարկե ունենք հարց նաեւ սիրո մասին։
Էպիզոդ 17
Ի՞նչ անել, եթե սկսել ես ոչ միայն չուրախանալ մտերիմ ընկերուհուդ հաջողություններով, այլ նաեւ նախանձում ես նրան։ Հանգամանքներն են ավելի ուժեղ, թե՞ սերը, արդյոք այն կարող է գոյություն ունենալ հեռավորության վրա։ Ի՞նչ անել համալսարանն ավարտելուց հետո ի հայտ եկած դատարկության զգացման հետ ու ինչպես չկորցնել մոտիվացիան, երբ ամենուր անարդարություն է։ Այս էպիզոդի թեմաները սրանք են։
Էպիզոդ 16
Այս էպիզոդը սկսում ենք բավական բարդ իրավիճակի մասին հարցով․ ի՞նչ անել, երբ սիրահարվել ես ընկերուհուդ նախկինին, զգացմունքներն էլ փոխադարձ են, սակայն ընկերուհիդ նույնպես դեռ սիրում է նրան։ Ունենք հարցեր նաեւ կարիերայի, ընկերության, համալսարանական կյանքի ու նույնիսկ ոճի մասին։
Էպիզոդ 15
Ինչպե՞ս մոռանալ անցյալն ու բաց թողնել այնտեղ մնացած մարդկանց, ի՞նչպես հասկանալ, որ դեռ սիրում ես մարդուն, խոստովանե՞լ զգացմունքներիդ մասին, եթե վստահ ես, որ քո սիրո առարկան քեզ չի վերաբերվում այնպես, ինչպես դու նրան, ի՞նչպես կարգավորել հարաբերությունները ծնողներիդ հետ ու շահել նրանց վստահությունը եւ ամենավերջում՝ ինչպես մոտիվացնել ինքդ քեզ։ Սրանք են այս էպիզոդի հարցերը, լսեք այն հասկանալու համար, թե արդյոք համաձայն եք պատասխանների հետ։
Էպիզոդ 14
Այս էպիզոդը տարբերվում է նախորդներից․ երկրում իրավիճակի հետ պայմանավորված, բոլորիս ապրումները տարբեր են, ոմանք շատ մտահոգված ու վախեցած են, ոմանք, ցավոք , կորցրել են հարազատներին, ոմանք էլ , դեռ չեն գիտակցում կատարվածն ու այնքան էլ լավ չեն հասկանում իրենց զգացմունքները։ Այս շաբաթվա բոլոր հարցերը կապված են պատերազմական իրավիճակի ու մեր ներաշխարհի վրա դրա ազդեցության հետ, այդ պատճառով էլ, այս անգամ Վեգան ձեր հարցերը փոխանցել է հոգեբան Անի Ապիտոնյանին։
Էպիզոդ 13
Ինչպես բոլոր էպիզոդներում, այս անգամ նույնպես ամենահաճախ հնչող հարցերը հարաբերությունների մասին են։ Ասում են, աշնանը շատանում են դեպրեսիաները, այնպես որ մեր ռադիոլսողները նույնպես, ցանկացած հարցի լուծումը փորձում են գտնել նախ հենց իրենց մեջ։
Էպիզոդ 12
Այս էպիզոդում ունենք հարցեր ամուսնալուծության ու ընտանիքի անդամների վրա դրա ազդեցության, ուսումն աշխատանքի հետ համատեղելու, քաշ կորցնելու , ինքդ քեզ յուրահատուկ ու մենակ զգալու եւ ալարկոտության մասին։
Էպիզոդ 11
Այս էպիզոդում հիմնականում անդրադառնում ենք ընկերական խնդիրներին։ Ի՞նչ անել, եթե զգում ես , որ կորցնում ես մտերիմներիդ, կամ ինչպե՞ս անել, որ ընկերությունն այդ կետին չհասնի։
Էպիզոդ 10
Արդյո՞ք տարիքային տարբերությունը խոչընդոտ է սիրո համար, իսկ նույն վայրում աշխատելը՞։ Ի՞նչ անել, երբ երկար հարաբերություններից հետո սկսում ես կասկածել զգացմունքերիդ իրական լինելուն։ Պե՞տք է ամաչել զգացմունքներիցդ, երբ սիրո առարկան մտերիմ մարդու կողակիցն է։ Այս թողարկման գրեթե բոլոր հարցերը վերաբերում են սիրուն եւ հարաբերություններին։
Էպիզոդ 9
Ի՞նչ անել, երբ շրջապատում բոլորը վստահ են, որ դու կատարյալ ես ու կատարելություն են ակնկալում ամեն ինչում։ Ի՞նչ բացատրություն տալ նախկին ընկերոջդ, որ ձեր շփման դադարի պատճառը սուտն է։ Ի՞նչ անել, երբ չես հասկանում,թե ով ես ուզում լինել այս կյանքում։ Այս եւ մի քանի այլ շատ հետաքրքիր հարցի պատասխանները գտեք այս էպիզոդում։
Էպիզոդ 8
Ի՞նչ անել, եթե զգում ես, որ մոտ ընկերդ սիրահարվել է քեզ, ի՞նչպես համոզել ընկերներին, որ ավելի նախաձեռնող լինեն, ինչպես համաձայնության գալ ծնողներիդ հետ, երբ դեռ պատանի ես ու ունես միանգամայն այլ աշխարհայացք։ Այս էպիզոդում խոսում ենք այս եւ այլ հետաքրքիր հարցերի մասին։
էպիզոդ 7
Այս էպիզոդում փորձում ենք հասկանալ ինչպես նվեր ընտրել սիրելիի համար, ինչպես պահել անձնական սահմաններն ու պատասխանում հարցի՝ կապված կյանքի բավական բարդ իրավիճակի հետ։
էպիզոդ 6
Այս էպիզոդում նույնպես ունենք հարցեր ինչպես անձնական հարաբերություններին վերաբերող , այնպես էլ աշխատանքին եւ այլն։ Թողարկմանը Վեգան նաեւ պատմում է , թե ինչպես կարելի է հայտնվել մեր ռադիոյի, կամ առհասարակ ռադիոյի եթերում։
Էպիզոդ 5
Այս էպիզոդում ունենք հարցեր ոչ միայն անձնական հարաբերությունների, աշխատատեղում խնդիրների ու ընտանեկան իրավիճակների հետ կապված , այլ նույնիսկ, պարանորմալ երեւույթների։
Էպիզոդ 4
«Հարցրու Վեգային» փոդքասթի շրջանակում շարունակում ենք պատասխանել բոլոր այն հարցերին, որոնց հետ սովորաբար կիսվում ենք միայն ամենամտերիմների հետ։ Եթե կան հարցեր, որոնք չգիտեք ում ուղղեք, ապա մեր փոդքասթը հենց Ձեզ համար է։
Էպիզոդ 3
Անկախ նրանից մտահոգություններդ կապված են աշխատավայրում խնդիրների, անձնական կյանքում դժվարությունների, թե ընկերական հարաբերությունների հետ, մենք քո հարցերը սիրով կկարդանք ու կպատասխանենք դրանց եթերում։
Էպիզոդ 2
Եթե պատահաբար բաց ես թողել առաջին էպիզոդը, ապա նորից պատմենք․ «Հարցրու Վեգային»-ը Իմ ռադիոյի նոր փոդքասթն է, որտեղ դու կարող ես գտնել «Ընկերական խորհուրդներ» այն մարդկանց համար, ովքեր ունեն հարցեր, սակայն չեն ցանկանում դրանց մասին կիսվել ծանոթների հետ։ Վեգա Անդրիասյանը պատասխանում է օնլայն հարթակում ամենատարբեր թեմաներով տրված հարցերին՝ սկսած անձնական հարաբերություններից , մինչեւ մասնագիտական կողմնորոշման հարցում կամ աշխատավայրում դժվարություններ։
Էպիզոդ 1
Ողջուուուույն , արի ծանոթանանք, ես Վեգաան եմ , չէ- չէ միս ուտում եմ, պարզապես անունս է Վեգա․ մի քիչ անսովոր է, գիտեմ։ Վստահ եմ, քո ընկերախմբում էլ կա մեկը, ում բոլորն ուղղում են բոլոոր հարցերը՝ կլինի դա անձնական, գործնական, թե երբեմն էլ փիլիսոփայական , այդ մարդուց երբեմն ակնկալվում են պատասխաններ նույնիսկ հռետորական հարցերի համար։ Դեեե ՜, ո՞նց ասեմ, իմ ընկերախմբում այդ մարդը ես եմ։ Ու իմ ընկերները վերջերս նստեցին ու որոշեցին, որ իրենք ինձ բավականաչափ հարցախեղդ չեն անում, ու ինձ պետք է հարցեր ուղղեք նաեւ դուք՝ մեր ռադիոլսողները։ Դե խոսքը մեր մեջ ես այնքան էլ դեմ չեմ։ Այնպես որ, եթե ունես ինչ որ հարց, որը ինչ-ինչ պատճառով չես ցանկանում տալ մտերիմներիդ, ուղարկիր այն Իմ ռադիոյի ինսթագրամյան կամ ֆեյսբուքյան էջին, իսկ եթե շա՜տ-շաա՜տ անձնական է , ապա իմ անձնական էջին․ իմ գործընկեր Անահիտի օգնությամբ մենք այն , իհարկե անանուն, կհնչեցնենք եթերում ու ես կփորձեմ պատասխանել։